Սուրբ Վալենտինն աստիճանաբար զիջում է Սուրբ Սարգսին - 3 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 23.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 3 » Սուրբ Վալենտինն աստիճանաբար զիջում է Սուրբ Սարգսին
14:43
Սուրբ Վալենտինն աստիճանաբար զիջում է Սուրբ Սարգսին

Սուրբ Վալենտինի օրը կաթոլիկ եկեղեցու տոն է: Եվրոպայում XIII դարից սկսած, ԱՄՆ ում`  1777-ականներից, իսկ Ռուսաստանում` 1990-ականներից այն նշվում  է փետրվարի 14-ին: Հայաստանում այդ օրը տոնում են վերջին տասնամյակում, սակայն Հայ առաքելական եկեղեցու ջանքերով վերջին տարիներին արմատավորվում և համատարած է դառնում Սուրբ Սարգսի տոնը:  Սուրբ Վալենտինն ապրել է III դարում, Հռոմեական կայսրությունում: Այդ ազատամիտ ճգնավոր եպիսկոպոսը համոզված էր, որ սերն ամենակարևորն է մարդու համար, և պատրաստ էր իր կյանքն ու հոգևոր դասը վտանգելով` կատարել գաղտնի պսակադրություններ:  Սակայն կաթոլիկ եկեղեցու սուր աչքից դա չի վրիպում, և մի օր նրա գործունեությունը բացահայտվում է: Եպիսկոպոսին մահապատժի են ենթարկում, իսկ հետագայում նույն եկեղեցին նրան սրբերի շարքն է դասում:  Աղբյուրները վկայում են, որ Վալենտինի բանտարկությունը և սպանությունը  պայմանավորված էր հատկապես այն հանգամանքով, որ հռոմեացի կայսրը չէր թույլատրում իր լեգեոնների զինվորներին ամուսնանալ, իսկ Վալենտինը գաղտնի ամուսնացնում էր սիրահարներին: Նրա կախաղանի օրը` փետրվարի 14-ը, համընկնում է հռոմեական տոնի` սիրո աստվածուհի Յունոնայի օրվա հետ, և այդ օրվանից մարդիկ փետրվարի 14-ը հիշում են  որպես Սուրբ Վալենտինի կամ սիրահարների օր:  Եվրոպայում և Ամերիկայում Վալենտինի տոնի կապակցությամբ հունվար-փետրվար ամիսներին աշխուժանում է մանրածախ առևտուրը` ապահովելով կոնֆետների, զարդերի, ոսկյա իրերի վաճառքի ծավալների աճ: Օրինակ` անցյալ տարի, միջին վիճակագրական տվյալներով, սովորական ամերիկացին Սուրբ Վալենտինի օրվա առթիվ ծախսել է մոտ 115 դոլար, 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 103 դոլար:  Հայաստանում այդ օրերին աշխուժանում է հատկապես ծաղկի բիզնեսը: Գները զգալիորեն բարձրանում են, սակայն պահանջարկը դրանից չի նվազում: Հայաստանում որոշ քահանաներ համոզված են, որ Սուրբ Վալենտինի օրը նշելու ավանդույթը չի վերանում, քանի որ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներն ամեն ինչ անում են դա պահելու համար: Իսկ, օրինակ, Ուզբեկստանն այս տարի չեղյալ է հայտարարել բոլոր համերգներն ու միջոցառումները, որոնք նախատեսված էին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ: Ուզբեկ կատարողներին սիրահարների օրվա համերգներին մասնակցելու բանավոր արգելք է տրվել:  Սիրահարների այգում կատարած փոքրիկ հարցախույզից պարզ դարձավ, որ շատ հայ պատանիներ ու երիտասարդներ նախընտրում են նշել հենց Սուրբ Սարգսի տոնը: «Մեր տանն ավանդույթ է Սուրբ Սարգսի տոնը նշելը,- ասաց 22-ամյա Ալինան,- իսկ Վալենտինը հայկական տոն չէ, ինչու՞ պետք է նշենք, մանավանդ որ նման տոն ունենք: Այդ օրն անպայման կգնանք եկեղեցի, օրհնված բլիթներ կբերենք, ընկերներով կնշենք»:  Ավագ դպրոցի աշակերտուհի, 15-ամյա Թամարան ևս ասում է, որ իր համար հայկական տոները, այդ թվում նաև Սուրբ Սարգսի տոնը, շատ ավելի հոգեհարազատ են: Ասում է, որ իրենք դպրոցում Սուրբ Սարգսի տոնին աղի բլիթներ են պատրաստում և բաժանում 8-րդ դասարանից բարձր աշակերտներին: Նա հավատում է աղի բլիթ ուտելու օրը տեսած երազին: «Ես նոր դպրոց եմ տեղափոխվել և այնտեղ պատահաբար հանդիպել եմ այն տղային, որին անցյալ տարի աղի բլիթի երազի ժամանակ տեսել էի,- պատմեց նա:- Իհարկե, այն ժամանակ նա ինձ համար անծանոթ էր, և տեսնելով շատ զարմացա»:  Մի քանի սիրահար զույգեր էլ ասացին, որ իրենց համար հոգեհարազատ է Վալենտինի տոնը:  Մի երիտասարդի կարծիքով` Սուրբ Սարգիսը դեռևս նոր է և չի հասցրել «մոդայիկ դառնալ»: Մեկ ուրիշ  սիրահար զույգ էլ այդ կարծիքին էր. Սուրբ Սարգիսը դեռևս լուրջ «մրցակից» չէ Սուրբ Վալենտինի տոնին: Մի քանիսն էլ նշեցին, որ օգտվելով առիթից` տոնելու են երկուսն էլ:


Սակայն փաստն այն է, որ տարեցտարի հայ երիտասարդների շրջանում ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում Սուրբ Սարգսի տոնը: Այդ օրը տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, սրճարաններն ու բարերը լեփ-լեցուն են լինում: Այս տարի ևս նախատեսված են տոնական միջոցառումներ: Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվելու է պատարագ, որից հետո` երիտասարդների օրհնության կարգ: Այդ օրը Ս. Սարգիս անունը կրող եկեցիները բաց են լինելու մինչև երեկոյան ժամը 21.00-ը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 519 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar