Ջերմ ընդունելություն - 8 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 24.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 8 » Ջերմ ընդունելություն
20:43
Ջերմ ընդունելություն
Երբ խոր աշուն է կամ ձմեռ, և փողոցում էլ այնքան ցուրտ, որ այգու նստարանին նստել չի լինում, ձգտում ենք ջերմության ու տնային հարմարավետության: Սրճարանում հանդիպելու փոխարեն նախընտրում ենք միմյանց հյուր գնալ:

Սկզբում մտածիր` կարելի՞ է տուն հրավիրել հյուրերի: Պետք է մի քանի բան սովորել. սենյակիդ խառնաշփոթը թող տանելի լինի, հավաքույթի աղմուկը չպետք է խանգարի, և ցանկալի է, որ խոհանոցում թեյ խմելն էլ նեղություն չպատճառի ընտանիքիդ անդամներին. երեկոյան բոլորն աշխատանքից սարսափելի հոգնած են վերադառնում: Ավելի լավ կլինի հարցնել ծնողներից` ինչպես կվերաբերվեն հյուրերին: Իհարկե, լսելով «ոչ»`կարելի է պնդել, խնդրել, համոզել և ստանալ համաձայնություն: Դրանից ոչ մի լավ բան չի ստացվի. բարկացած հարազատներդ կսկսեն դիտավորյալ շրխկացնել սպասքը, միջանցքում խոսել խավարասերների ներխուժման մասին և ամեն տասը րոպեն մեկ քեզ ձայն տալ: Մի խոսքով, հաշվի առ շրջապատիդ կարծիքը` հակառակ դեպքում նրանք թույլ չեն տա հաճույք ստանալ:
Մի ամաչիր բնակարանիդ համար: Ինչպես նաև պետք չէ ամաչել ծնողների, քույրիկի, տատիկի և հարևանների համար: Ամեն ինչ կարելի է բացատրել նախօրոք: Զգուշացրու ընկերներիդ, որ տատիկդ կստիպի նրանց նայել իր ձեռագործ աշխատանքները, իսկ մայրդ կհարցնի` հյուրերը լվացե՞լ են ձեռքները, և որ ձեր տանը հազիվ հինգ զույգ հողաթափ գտնվի: Ոչ ոք չի սպասում դիզայներական լուծումներով վերանորոգում տեսնել ձեր տանը. ցույց տուր` որտեղ ինչ է կոտրված, որպեսզի ոչ մեկը չվախենա և հայտնիր, որ անթերի կարգուկանոնը, ըստ քեզ, առաքինության միջակությունն է: Այդքանը բավական է:
Չգիտե՞ս ինչպես զբաղեցնել ընկերներիդ: Չկա հյուր, որ չսիրի լուսանկարներ նայել: Կարելի է հավաքել ընկերներին, որպեսզի փռվեք անկողնու վրա ու ֆիլմ դիտեք կամ որևէ ազարտային խաղ խաղաք: Ընդհանրապես ընկերներին կանչում են դատարկ ու հաճելի բանով զբաղվելու համար (եթե, իհարկե, քննության պատրաստվելու շրջանը չէ):
Հյուրասիրիր հյուրերիդ: Եթե սիրում ես պատրաստել, ուրեմն` առա´ջ. խնձորով կարկանդակ թխիր: Եթե մտածելու ցանկություն չունես, բրդուճներ պատրաստիր: Եթե ծուլացել ես, թեյ հյուրասիրիր: Եվ մի հարցրու` «սովա՞ծ եք»: Չմտածված հյուրասիրությունը ծրագրի պարտադիր պայմաններից է:
Ասա և ցույց տուր, որտեղ է գտնվում խոհանոցը, զուգարանն ու լոգասենյակը, քո սենյակն ու այն սենյակը, որտեղ չի կարելի մտնել:
Թուլացիր: Սա հրավիրովի ճաշկերույթ չէ, թագավորական ընդունելություն չէ, պարզապես ընկերներդ հավաքվել են ձեր տանը` զրուցելու: Մի ձգտիր լինել այն, ինչ չկաս, մի ձևացիր խիստ տնային տնտեսուհի` նախապատրաստվելով ուրախ երեկույթի: Բավական է ծառայի պես ընկերներիդ շուրջը պտտվես: Բոլորն էլ նորմալ մարդիկ են և իրենց պահելու ձև գիտեն: Եթե չեն կարողանում, այլևս ձեր տանը չեն հայտնվի: Հաճույք ստացիր շփումից:
Մի ամաչիր հարցնել: Անհարմար հարց է` «որտե՞ ղ է ձեր զուգարան», որը փոխարինվում է «որտեղ կարող եմ ձեռքերս լվանալ», հետաքրքրվել, թե որտեղ են հողաթափերը ևս ամոթ չէ, որտեղ է հեռախոսը և արդյոք կարելի՞ է դրանից օգտվել. անհարմար ոչինչ չկա: Խնդրիր էքսկուրսիա անցկացնել բնակարանում և ցույց տալ, թե ինչը որտեղ է: Տանտերերը սիրում են հպարտանալ հեռավոր վայրերից բերված առարկաներով, այնպես որ, հարցնելով` «սա ի՞նչ է», կարող է հետաքրքիր խոսակցության սկիզբ դառնալ:
Ենթարկվիր տան կանոններին: Օտարների տարօրինակությունները եթե ոչ վախ, ապա ծիծաղ են առաջացնում: Իսկապես, ամենալավ տարբերակը հումորով վերաբերվելն է այն մարդկանց տարօրինակություններին, որոնց շրջապատում հայտնվել ես: Թող քեզ չմտահոգի, որ սեղանի «գլխին» կարող է նստել միայն մայրիկը, իսկ քեզ քաղաքավարի կխնդրեն տեղափոխվել, որ տանը ամեն մեկն իր բաժակն ունի, և որ ընկերուհուդ փոքր եղբորը այս տանը կարելի է ամեն ինչ, բացառությամբ` փորձել թռչկոտել անծանոթ կնոջ ծնկներին: Պատահում են նաև ճանկռող կատուներ, խնդրող հայացքով մուրացկան-շներ, բարեկամներ ու բարեկամուհիներ, որոնք կարող են քեզ կասկածել միանգամից բոլոր մահացու մեղքերի մեջ` ձգտելով «մերկացնել», որ «մեր ժամանակներում ամեն ինչ այլ կերպ էր»: Մի խոսքով, տարօրինակ ընտանիքներում հումորի զգացումն ու քաղաքավարությունը փրկության միակ ելքդ են: Եթե դիմանաս, կընդունեն ընտանիքի անդամի պես, ինչը շատ հաճելի է:
Թուլացիր: Հյուր ես եկել ընկերուհուդ` շփվիր հենց նրա հետ: Իհարկե, միջավայրն անծանոթ է, մարդն ուրիշ կողմից է բացահայտվում... Բայց նա նույն մարդն է:
Կարող ես քաղցրեղեն տանել: Դա պարտադիր չէ. ոչ ոք քեզանից տարեցների մոտ ընդունված քաղաքավարի արարքներ չի սպասում (դա միայն մի քանի տարի անց պարզ կդառնա, որ դատարկ ձեռքով հյուր չեն գնում): Եթե հյուր ես գնում ոչ մտերիմ մարդկանց և ցանկանում ես ՙլավ աղջկա՚ տպավորություն թողնել, թեյի սեղանին հարմար ինչ-որ բան տար. շոկոլադն էլ բավական է: Հավաքվելով մտերիմ ընկերուհու տանը` ճշտիր, որևէ բան պետք չէ՞ բերել: Կարելի է տատիկի պատրաստած մուրաբայից վերցնել կամ միասին որևէ կարկանդակ թխեք: Մի խոսքով, այդ հարցին միշտ հետևում է ՙհամեղ մի բան՚ պատասխանը: Իսկ եթե այդ մասին մոռացել ես, միշտ կարող ես սկսել դիետայի մասին երգերը:
Ժամանակին հեռացիր: Ասում են, լավ տանտերը այնպես է անում, որ հյուրն իրեն զգա ինչպես իր տանը, իսկ լավ հյուրը` երբեք իրեն չի զգում ինչպես իր տանը:
Հաճելի հյուր լինելու համար պետք է հեռանալ ճիշտ ժամանակին, տանտերերի նախատեսածից քիչ ավելի շուտ: Եվ հրաժեշտ տուր բոլորին, եթե, իհարկե, ոմանք քնած չեն:

 

Դիտումներ: 390 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar