Աակնոցներ՝ ինչն է նորաձև, ինչը՝ անվնաս. խորհուրդներ ակնաբանից և դիզայներից - 26 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 26 » Աակնոցներ՝ ինչն է նորաձև, ինչը՝ անվնաս. խորհուրդներ ակնաբանից և դիզայներից
20:16
Աակնոցներ՝ ինչն է նորաձև, ինչը՝ անվնաս. խորհուրդներ ակնաբանից և դիզայներից
Մի քանի օր ևս, և ԳԱՐՈՒՆ… Ուզում ես ամբողջովին կերպարանափոխվել, հանել ձմեռային շորերն ու աքսեսուարները, հետևել գարնանային նորաձևության տենդենցներին: Հատկապես վերջին տարիներին ոչ միայն ամռան, այլև գարնանային ամենակարևոր աքսեսուարներից է դարձել ակնոցը: Այն ոչ միայն շքեղություն և ոճային յուրահատկություն է հաղորդում, այլև պաշտպանիչ դեր ունի շատերի համար ամենաալերգիկ սեզոնին: Թե ինչպես պետք է ընտրել ակնոցը, ինչն է նորաձև, ինչն է օգտակար և հարակից ևս մի քանի հարցեր LADYNEWS-ի ընթերցողների համար կպարզաբանեն Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Ակնաբուժական կլինիկայի ղեկավար Ալլա Հովհաննիսյանն ու դիզայներ Ֆաինա Հարությունյանը:
Նախ այն մասին, թե ինչն է նորաձև այս գարուն: «Այս սեզոնին ակնոցների նորաձևության մեջ առանձնանում են երեք հիմնական ուղղություններ` ռետրո, երկրաչափական և հայ-թեք ոճերը»,- LN-ի հետ զրույցում ասաց Ֆաինան:
Կատվի աչքերը» ակնթարթորեն մտան նորաձևություն` բերելով իրենց հետ 60-ականների շունչը:Ռետրո ակնոցների շարքին են դասվում նաև թիթեռնիկի թևեր հիշեցնող ակնոցները, որոնք առավել քան երբեք մոդայիկ են այս գարնանը:
Չմոռանանք նաև կլոր շրջանակներով ակնոցների մասին, որոնք այդքան սիրում էր կրել Ջոն Լենոնը:
Երկրաչափական պատկերները մշտապես առկա են եղել նորաձևության ամենատարբեր ոլորտներում: Հիմա նրանք ակտուալ են նաև ակնոցների նորաձևության մեջ: «Քառակուսիներն» ու «ուղղանկյունները» համալրվել են նաև այլ երկրաչափական պատկերներով:
Հայ-թեք ակնոցները ներկայացված են հետաքրքիր ու արտասովոր տեսքով, հայելային ոսպնյակներով` առանց շրջանակի: Նորագույն տեխնոլոգիաները, որոնք մեր կյանք են թափանցում օրօրի ավելի մեծ արագությամբ, չեն անտեսել նաև նորաձևության աշխարհը: Ասել, որ դրանք կանացի են, դժվար է, բայց որ նորաձև են, հաստատ է:
Հատկապես վերջին տարիներին հայ երիտասարդությունը նախընտրում է ամենաօրիգինալ, եթե չասենք տարօրինակ ակնոցները: Եղջերվի կոտոշներ, սրտիկներ, աստղիկներ, Միկի Մաուսի ականջներ, հովազի աչքեր, լուսարձակներ հիշեցնող ակնոցներ… Ինչեր ասես, որ չես հանդիպի հայաստանյան ակնոցի վաճառակետերում: Սակայն քչերն են հիշում այն մասին, որ ակնոցի առաջնային ֆունկցիան պաշտպանողական է, ուստի ակնոց պետք է ընտրել ոչ միայն նորաձևության համապատասխան, այլև նրա պաշտպանողական բնորոշումների համաձայն: «Պետք է ընտրել այնպիսի արևային ակնոցներ, որոնք ֆիլտրում են ուլտրամանուշակագույն ճառագայթները: Կան երեք տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթներ` a, b, c: C ճառագայթները, անցնելով օզոնային շերտի միջով, կորցնում են իրենց ազդեցությունը, իսկ ամենավնասակար ճառագայթները b ճառագայթներն են: Ակնոցների վրա սովորաբար կա նշված, թե քանի տոկոս է այն վնասազերծում ուլտրամանուշակագույն ճառագայթները, բնականաբար պետք է ընտրել համապատասխան այդ տոկոսներին»,- զրույցում մեկնաբանեց ակնաբան Ալլա Հովհաննիսյանը:
Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե ակնոցի ապակու թանձրությունը, գույնի մգությունը պաշտպանում է մեր աչքերը արևի վնասակար ճառագայթներից: «Ոչ, միանշանակ այդպես չէ: Ապակիների մգությունը որևէ նշանակություն չունի, եթե ակնոցը չունի ուլտրամանուշակագույն ճառագայթների ֆիլտր: Ակնոցի տակ բբերը լայնանում են, և փաստորեն, ավելի մեծ քանակությամբ ճառագայթներ են ներթափանցում աչքի մեջ»,-ասում է ակնաբանը:Նկատած կլինեք նաև, որ վերջին շրջանում նորաձև են դարձել «2-ը մեկում» ակնոցները, որոնք և արևապաշտպան են, և օպտիկական: «Դրանք քամելիոն ակնոցներն են, ֆիլտրով, որոնք դրսում մգվում են, իսկ երբ լուսավորությունը պակասում է, գույնը հետզհետե բացվում է: Ոչ մի վնասակար հատկություն չունեն այսպիսի ակնոցները, քանի որ և օպտիկական են, և արևապաշտպան, որոնք խոչընդոտում են ճառագայթների թափանցումը դեպի աչքեր: Այսպիսի ակնոցները պաշտպանում են աչքի ցանցենին, եղջրենին»,- նշում է ակնաբան Ալլա Հովհաննիսյանը:
Ինտելեկտուալ կերպար ստանալու համար աղջիկները երբեմն կրում են «ձևական» օպտիկական ակնոցներ, որոնք իրականում 0-ական ապակիներով են: Այս մասին Ֆաինա Հարությունյանն ասաց.«Կար ժամանակ, երբ ոճային էր համարվում: Կոնկրետ ինձ համար դա ծիծաղելի է, անկեղծ ասած»: Իսկ ակնաբանն այն կարծիքի է, որ չնայած դրանք ոչ մի վատ ազդեցություն չեն թողնում տեսողության վրա, այնուամենայնիվ կրելու իմաստը մնում է անհասկանալի:

 

Դիտումներ: 412 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 4.3/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar